«Հերացի» ավագ դպրոցի աշակերտները հյուրընկալվել էին ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿՈՒՄ
14.11.2022
ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿՆ իր Գլխամասային գրասենյակում հյուրընկալել էր Երևանի պետական բժշկական համալսարանի «Հերացի» ավագ դպրոցի տնտեսագիտական ենթահոսքի 10-րդ դասարանի աշակերտներին: Ճանաչողական շրջայցի ընթացքում աշակերտները ծանոթացան Երևանի անկրկնելի դիմագիծը ներկայացնող Բանկի Գլխամասային շենքերի պատմությանը: Այս արժեքավոր ճարտարապետական հուշարձանների կողքով անտարբեր չեն անցնում երևանցիներն ու մայրաքաղաքի հյուրերը: Ներկայում Նալբանդյան 48 հասցեում գտնվող շենքում ժամանակին տեղակայվել է Արքունական պալատն ու նահանգական գանձատունը, հարակից շենքում՝ Առաջին հանրապետության Արվեստի և հանրային կրթության նախարարությունը: Պատմության հետաքրքիր մանրամասներ ներկայացրեց Բանկի Հաղորդակցությունների կառավարման վարչության Հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հասմիկ Հովակիմյանը: Այնուհետև ֆինանսական գրագիտության վերաբերյալ հետաքրքիր, ինտերակտիվ դասի միջոցով, որը վարում էր նույն վարչության Գովազդի բաժնի պետ, տնտեսագիտության թեկնածու Արման Տոնիկյանը, աշակերտներն ստացան գիտելիքներ խնայելու ֆորմալ և ոչ ֆորմալ գործիքների մասին։ Իրենք էլ իրենց հերթին ուղղեցին բազմաթիվ հարցեր դրամի ստեղծման պատմության, ժամանակի ընթացքում փողի արժեքի փոփոխության և վաղվա ֆինանսական մուտքերն ապահովող ներդրումների վերաբերյալ։ ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ մշտապես պատրաստակամ է իր ավանդն ունենալ ոչ միայն կրթության որակը բարելավող, այլև մշակութային արժեքները սերնդեսերունդ փոխանցող նախաձեռնություններում:
Թարմացված է` 23.06.2023 10:22