ԱնհատներինԲիզնեսին
Մուտք
Նորություններ

«Թվային փոխակերպում. բանկերի թվայնացման անհրաժեշտության պատճառները»

18.05.2023

«Թվային փոխակերպում. բանկերի թվայնացման անհրաժեշտության պատճառները»

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ ՏՏ ռազմավարության խորհրդատու Վադիմ Գերասիմենկոյի հարցազրույցը

Բանկի ՏՏ թիմը մշակում է բանկային ծառայությունների թվայնացման ժամանակակից լուծումներ: Ինչպե՞ս կնկարագրեք թվային բանկը:

Պարզ ասած՝ թվային բանկը պետք է հասանելի լինի նաև բջջային հեռախոսի էկրանին: Սա իրենից ներկայացնում է ոչ թե տեսլական կամ հայեցակարգ, այլ հաճախորդի հստակ պահանջ: Մենք՝ հաճախորդներս, սովոր ենք առաջատար տեխնոլոգիական ընկերությունների առցանց ծառայությունների բարձր որակին, և բանկերը պետք է հետևեն այդ միտումին, այն է՝ ցանկացած ժամանակակից բանկ պետք է առաջարկի գրավիչ և պարզ ինտերֆեյս, շուրջօրյա սպասարկում, ակնթարթային վճարումներ և գործառույթների հարուստ փաթեթ:

Թվայնացման գործընթացների կատարելագործմանը զուգահեռ՝ ինչպիսի՞ն եք տեսնում բանկային գործի ներկան և ապագան:

Ներկայում շատ երկրների բանկային համակարգերն անցնում են փոփոխությունների միջով՝ պայմանավորված առցանց և քարտային վճարումների ծավալի շարունակական աճով: Դա հանգեցնում է ֆիզիկական շփման անհրաժեշտության և թղթադրամների շրջանառության նվազմանը: Որոշ երկրներ քննարկում են անգամ ամբողջովին անկանխիկ տնտեսություն ունենալու հնարավորությունը:Այս շարունակական փոփոխությունների համար խթան են հանդիսանում թվային վճարումները, թվայնացված պետական ռեսուրսները, թվային նույնականացումը և ստորագրությունը, արհեստական բանականությունը, կենսաչափական նույնականացումը և միջազգային այնպիսի կանոնակարգեր, ինչպիսիք են Ընդհանուր տվյալների պաշտպանության կանոնակարգը (GDPR) և Վճարային ծառայությունների երկրորդ դիրեկտիվը (PSD2): Այս գործոնները նոր հնարավորություններ են ստեղծում ոլորտի հիմնական խաղացողների համար:Ապագային հայացք նետելով՝ ոգևորիչ է տեսնել, որ Հայաստանը պետական մակարդակով թվայնացման ռազմավարություն է մշակել։ Այս մոտեցումը էական նպաստ է բերում տնտեսությանը, բնակչությանը և բանկերին, ինչպես նաև սահմանում բանկային համակարգի զարգացման արդիական ուղենիշեր:

Իսկ ինչո՞ւ է անհրաժեշտ բանկերի թվայնացումը: Այս հարցում որոշի՞չ են արդյոք հաճախորդների պահանջները:

Այո, որոշիչ են: Բանկային ոլորտը և պրոդուկտները բարդ են. բանկերը շարունակաբար բախվում են ֆինտեխ ընկերությունների և մրցակից բանկերի նետած մարտահրավերներին, հետևաբար՝ հաճախորդների պահանջներին հարմարեցված ծառայությունների մատուցման և պրոդուկտների արագ մշակման ու թողարկման կարողությունները ռազմավարական նշանակություն ունեն:Բանկերն այլևս չեն կարող հույսը դնել տասնամյակներ շարունակ օգտագործվող ստանդարտ, պատրաստի լուծումների վրա:Կարող ենք նույնիսկ ասել, որ դա մղում է բանկերին վերածվել ֆինանսական պրոդուկտներ առաջարկող ՏՏ ընկերությունների, քանի որ սա մրցավազք է առանց վերջնագծի. շարունակական կատարելագործումն ու զարգացումը պետք է լինեն կազմակերպչական կառուցվածքի անքակտելի բաղադրիչը:

Ինչպե՞ս կբնութագրեք ՏՏ ռազմավարությունը, գործընթացների ի՞նչ ընդհանրություններ կան այլ բանկերի հետ և ի՞նչն է ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻՆ օգնում լինել մրցունակ:

Նորարարական ճարտարապետությունը որդեգրելու հստակ մշակված նախագիծը առանցքային նշանակություն ունի ամբողջական վերափոխման հաջող իրականացման համար: Թեև այս նախագիծը բանկերի համար կարող է տարբեր լինել, այնուամենայնիվ, կան հիմնական ոլորտներ, որոնք մնում են անփոփոխ. API-ի վրա հիմնված ինտեգրում, անցում մոնոլիտ լուծումներից, ողջամիտ ադապտացիա «ամպային» (cloud) համակարգին, անցում տվյալների փաթեթային մշակումից իրական ժամանակում դրանց մշակմանը և գործարարության կանոնների օպտիմալացում: Ծրագրային ապահովման նախագծման մակարդակում խթանող հիմնական գործոններն են համակարգերի բաշխման ճարտարապետությունը, սերվերային աշխատանքի ապահովումը (backend) և դիմային մասը (frontend), բաց կոդով տեխնոլոգիաները և մեքենայական ուսուցումը:Այս փոխակերպմանը հետագայում նպաստելու է նաև ծրագրավորման «ճկուն» մեթոդաբանության և այնպիսի տեխնոլոգիաների ընդունումը, ինչպիսիք են շարունակական ինտեգրումը և տեղակայումը, որոնք թույլ են տալիս ավելի արդյունավետ և կանխատեսելի ներքին զարգացման մշակում իրականացնել: Կարծում եմ նաև, որ նորարարական ֆինտեխ ընկերությունների հետ համագործակցությունը մեծ ներուժ է ստեղծում մեր հաճախորդներին հավելյալ արժեքով, բարձրորակ ապրանքներ և ծառայություններ մատուցելու համար: Այս համագործակցությունը բանկին հնարավորություն է տալիս մնալ մրցունակ անընդհատ զարգացող ֆինանսական միջավայրում:Մեր ռազմավարության մեջ խթանող գործոնների այս համակցության ինտեգրումը ճանապարհ է հարթում ավելի ճկուն և հարմարվող բանկային էկոհամակարգի համար:

Ըստ էության՝ խոսքը շուրջօրյա հեռավար սպասարկման մասին է, ուստի ծագում են գործընթացի անվտանգության, անվտանգ թվային փոխակերպման հարցեր…

Այո, մեր հաճախորդների ներդրումներն անվտանգ և ապահով պահպանելը մեզ համար էական նշանակություն ունի: Որպես հաճախորդների մեծ բազա ունեցող բանկ՝ մենք հասկանում ենք, որ մեր գործունեությունը զգալի ազդեցություն է թողնում հասարակության վրա: Համբավը բանկի համար կարևորագույն արժեք է, այդ իսկ պատճառով մենք ջանասիրաբար աշխատում ենք միաժամանակ բարելավելու տեխնոլոգիաները, գործընթացները, սպասարկման որակը և անվտանգությունը՝ ձգտելով ստեղծել ավելի լավ բանկ: Որոշ փոփոխությունների իրականացումը կարող է ավելի երկար տևել, բայց մենք ունենք տեսլական և կշարունակենք բարելավել մեր թվային ծառայությունները:Հուսալիությունը, անվտանգությունը, փողերի լվացման դեմ պայքարը և ֆինանսական հանցագործությունների կանխարգելումը մեր հիմնական առաջնահերթություններն են՝ մեր բիզնես նպատակներին հասնելու հետ մեկտեղ:

Դուք մի առիթով ասել եք՝ ինչ նորարար ծրագրեր և փոփոխություններ էլ ներդրվեն, առանց մարդկանց ցանկության ու հաջողության հասնելու կամքի՝ ցանկալի արդյունքներ չեն գրանցվի:

Իհարկե, մեր հաջողության ամենակարևոր բաղադրիչը մեր թիմն է։Թիմի անդամների տաղանդի, քրտնաջան աշխատանքի և նվիրվածության շնորհիվ, նախորդ տարվա ընթացքում մենք զգալի առաջընթաց ենք գրանցել:Թեև դեռ երկար ճանապարհ կա անցնելու, սակայն մենք ունենք հստակ ծրագիր և թիմ, որն ունակ է այն կյանքի կոչելու: Միասին մենք նպատակաուղղված ենք առավել կատարելագործված, անվտանգ և ժամանակակից բանկ կառուցելու գործին:Ասեմ ավելին, մենք ուրախությամբ մեր թիմը համալրել ենք հայազգի երիտասարդ մասնագետներով, որոնք իրենց կրթությունն ու փորձը զարգացրել են արտասահմանում, բայց այսօր նոր արժեք են ստեղծում իրենց հայրենիքում՝ կոտրելով այն կարծրատիպը, որ հայ տաղանդները կայանում են Հայաստանից դուրս:

Թարմացված է` 31.05.2024 13:30

+374 10 59 20 20

Գլխամասային գրասենյակ` ՀՀ, 0010, ք. Երևան, Նալբանդյան 48

Բջջային հավելված

Լեզուների միջև տեղեկատվության անհամապատասխանության դեպքում նախապատվությունը տրվում է հայերեն տարբերակին:
«ԱՄԻՕ ԲԱՆԿ» ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար:
«ԱՄԻՕ ԲԱՆԿ» ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում նաև այլ անձանց ինտերնետային կայքերում հղված իր և իր կողմից մատուցվող ծառայությունների պայմանների ու սակագների մասին տեղեկատվության բովանդակության ստույգության և արժանահավատության համար:

© 2024 «ԱՄԻՕ ԲԱՆԿ» ՓԲԸ
ՀՀ Կենտրոնական բանկի թիվ 40 լիցենզիա՝ տրված 10.12.1991թ.
ԱՄԻՕ ԲԱՆԿԸ ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ լիիրավ իրավահաջորդն է

fin infofsmadgffsmarca

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից